Լրագրողները պարզել են, որ ամերիկյան Time ամսագրի շապիկի վրա հայտնված տարվա մարդ համարվող աբստրակտ «ցուցարարն» այնքան էլ աբստրակտ չէ: Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, իրականում ամսագրի շապիկի վրա պատկերված է ԱՄՆ 25-ամյա բնակչուհի Սառա Մեյսոնը:
Պարբերականը գրում է, որ Սառա Մեյսոնը «Գրավեք Ուուլ Սթրիթը» ակցիայի մասնակիցներից է եղել և ձերբակալվել է ոստիկանությանը չհնազանդվելու համար: Աղջկա նկարը՝ վառ դեղին գլխարկով, դեմքը գրեթե ամբողջությամբ ծածկված, արվել է լուսանկարիչ Թեդ Սոկվիի կողմից և հրապարակվել The LA Weekly թերթում: Այդ լուսանկարը ոգեշնչել է գեղանկարիչ Շեփարդ Ֆեյրիին, որը ամսագրի շապիկի համար նկարել է տարվա մարդու նկարը:
Ինքը՝ Սառան, որն աշխատում գեղանկարչական պատկերասրահում, հայտարարել է, որ իր պարտքն է համարել մասնակցել ակցիաներին այն բանից հետո, երբ լքել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը: «Ես կարծում եմ՝ մասնակցելով այնպիսի ակցիայի, ինչպիսին է «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան, ուսանողները փորձել են ցույց տալ, որ կրթություն ստանալուն ուղղված իրենց ջանքերը իրական աշխարհում գործնականում ոչ մի բանի արժեք չունեն»,- ասել է նա:










































