Այսօր` դեկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստը:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները մրցակցային խնդիրների վերաբերյալ:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն էլ նշել է, որ այս հանդիպման նպատակն է վեր հանել մրցակցության ոլորտում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և վնաս են հասցնում սպառողների շահերին:
Այսպիսի հանդիպումներ կազմակերպելով ՏՄՊՊՀ-ն նաև նպատակ է հետապնդում իմանալ գործարարների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերմունքը ՏՄՊՊՀ աշխատանքի վերաբերյալ:
Ա. Շաբոյանը նշել է, որ թեև մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, սակայն 2011թ. այս առումով հանձնաժողովի կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել:
Խոսելով կայացված որոշումների մասին` ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ բացի ֆինանսական տուգանքներից, դրանք լրջորեն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որը նրանք ձեռք են բերում երկարատև աշխատանքի շնորհիվ: Հետևապես կարևոր է, որ նման որոշումները լինեն իրավական առումով ուժեղ և հիմնավոր, ինչի ապացույցն այն է, որ ողջ տարվա ընթացքում դատական կարգով բողոքարկված տասնյակ որոշումներից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել:
«Տուգանքներն ինքնանպատակ չեն, հանձնաժողովի համար կարևորը մրցակցային միջավայրի բարելավումն է»,- ասել է Ա. Շաբոյանը` հավելելով, որ հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները.
«Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»,- ասել է նա:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հավելել է, որ ՏՄՊՊՀ-ի աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է: Հանձնաժողովը երբեմն լուծում է նույնիսկ այլ պետական գերատեսչությունների դաշտում գտնվող խնդիրներ, սակայն առկա բացերը գտնվում են ոչ միայն մրցակցության հանձնաժողովի, այլև այլ պետական մարմինների, մասնավորապես հարկային, մաքսային համակարգի կամ Սննդամթերքի անվտանգության տեսչության իրավասության շրջանակներում, հետևապես խնդիրների լուծումը համալիր մոտեցում է պահանջում:
Ա. Ղազարյանը բիզնես միջավայրի զարգացման տեսանկյունից խիստ կարևորել է պետական կառույցների կողմից գործարար համայնքի և շահագրգիռ կողմերի միջև կազմակերպվող նման քննարկումները:
Հասարակական խորհրդի նիստում տեղի է ունեցել բաց և ակտիվ քննարկում, որի ընթացքում շահագրգիր կողմերը բարձրացրել են իրենց հուզող խնդիրները:
Գործարարների հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությանը:
Տնտեսվարողների կողմից հնչել են դժգոհություններ նաև մանրածախ առևտրի կազմակերպման ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նշված ոլորտում գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերին մատակարարված և դրանց կողմից ապրանքների իրացման ընթացքում առաջացած որոշակի ռիսկերին:
Ա. Շաբոյանը նշել է, որ հանձնաժողովը հետամուտ կլինի բարձրացված խնդիրներին և հավաստիացրել, որ դրանք կներառվեն հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում:
Նիստի ավարտին Ա.Շաբոյանն ընդգծել է, որ հանձնաժողովի կողմից հաճախակի կազմակերպվող նման քննարկումները կարևոր են նաև ՏՄՊՊՀ հետագա գործունեության համար, քանի որ հանձնաժողովը հետամուտ է, որպեսզի վեր հանվեն տնտեսական մրցակցության դաշտում եղած խնդիրները, որոնց վերաբերյալ առանցքային հարցերը կներառվեն առաջիկա աշխատանքային ծրագրերում:











































