Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ թբիլիսյան թերթերն իրենց առաջին էջերում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ են արել «չսպանել մամուլը» և ձեռք չտալ Թբիլիսիի փողոցներում գտնվող մամուլի կրպակներին։
Թերթերի խմբագիրներն իրենց այդ ակցիան բացատրել են նրանով, որ Թբիլիսիի վարչակազմը պատրաստվում է մինչև տարեվերջ քաղաքի փողոցներից վերացնել մամուլի բոլոր կրպարկները։ Ներկայիս դրությամբ Թբիլիսիում 150 մամուլի կրպակներից մնացել են միայն մի քանիսը։
Վրաց լրագրողները մամուլի կրպակների հանումը կապում են ոչ թե քաղաքային իշխանությունների, այլ՝ հենց Սաակաշվիլիի որոշման հետ։
Թբիլիսիի քաղաքապետարանը մամլո կրպակների փոխարեն տեղակայելու է նոր ապակե տաղավարներ, որոնցում, սակայն, պարտադիր չի համարվում թերթերի վաճառքը։ Նոր ապակե տաղավարների կապակցությամբ հայտարարվել է հատուկ տենդեր։











































