Վերջին տարվա ընթացքում Ճապոնիայից ՀՀ ներկրված 1 ավտոմեքենա է ունեցել ճառագայթային ֆոնի խախտում, որն ուղարկվել է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ և համապատասխան մասերը որպես ռադիոակտիվ թափոն վնասազերծելուց հետո է միայն թույլ տրվել շահագործել ավտոմեքենան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ սահմանված կարգով ՀՀ մաքսային սահմանը հատող բեռները, տրանսպորտային միջոցները և ֆիզիկական անձինք ենթարկվում են ճառագայթային հսկողության, որն իրականացվում է ավտոմատ կերպով ռադիացիոն հսկողություն իրականացնող հատուկ սարքավորումների միջոցով:
Ռադիոակտիվ ֆոնի թույլատրելի նորմայից ցանկացած շեղման դեպքում սարքավորումներն ահազանգում են, ինչից հետո ճառագայթային հսկողության ծառայության տեսուչի կողմից ձեռքի համապատասխան սարքավորումով կատարվում է կրկնակի ստուգում: Թույլատրելի նորմայից շեղումների հաստատման դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացվում է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայություն և Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Միայն Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի դրական պատասխանից հետո է թույլատրվում բեռը բաց թողնել ՀՀ սահմանով: Վերոհիշյալ սարքավորումներով հագեցած են ՀՀ բոլոր մաքսակետերը:






































