«Շիրակ կենտրոնը» պարբերաբար այցելություններ է կատարում տնակային ավաններ, անօթևան ընտանիքների բնակարանային պայմանների ուսումնասիրություններ կատարելու, ինչպես նաև պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների սոցիալական և կացարանային պայմանների մասին տեսանյութերի պատրաստման և հեռարձակման ճանապարհով հանրության ուշադրությունը բևեռելու նպատակով:
«Շիրակ կենտրոնից» «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախորդ օրն իրենք այցելել են Գյումրու Անի նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող տնակային ավան:
«Ներկայացնում ենք այդ ավանի 209/ մի փոքրիկ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ, տնակում իր երկու անչափահաս և միակողմանի ծնողազուրկ երեխաների հետ բնակվող Գայանե Ավագյանի կացանարային պայմանները:
Այս ընտանիքը երկրաշարժին բնակարան չի կորցրել և, բնականաբար, գործող կարգի համաձայն, բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:
2. Տեսանյութում ներկայացվող երկրորդ` Խորեն Տանաշյանի ընտանիքը չորս անչափահաս երեխաների հետ միասին բնակվում են 209/363 տնակում: Այս տնակը երկար տարիներ զուրկ էր ոչ միայն կոմունալ հարմարություններից, այլ նաև էլեկտրաէներգիայից:
Ընտանիքը կրկին բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, իր գոյությունը պահպանում է մեծ երեխայի հաշմանդամության թոշակով և նպաստով: Հայրը, ինչպես այլ հազարավոր գյումրեցիներ, գործազուրկ է:
3. Մենք բազմիցս ենք անդրադարձել Լևոն Մադոյանի 105/054 տնակում բնակվող, երեք անչափահաս, միակողմանի ծնողազուրկ երեխաների մայր Էլմիրա Թամազյանի ընտանիքին, որն ապրում է բարեկամներից մեկի քարուքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից և ջրամատակարարումից զուրկ պայմաններում:
Նրանք թեև երկրաշարժին բնակարան կորցրել են, սակայն անօթևանների հերթացուցակում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չհաշվառվելու պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Արձագանքելով մեր հրապարակումներին` Էլմիրա Թամազյանի ընտանիքին տարբեր բարերարներ արդեն իսկ ցուցաբերել են զգալի աջակցություն»:
Այդ ամենի մասին առավել մանրամասն պատմում է «Շիրակ կենտրոնի» տեսանյութը:










































