Այսօր մի խումբ ցմահ դատապարտյալներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ.
«Մեծարգո պրն նախագահ,
Դիմում ենք Ձեզ մի խնդրի կապակցությամբ, որը սկիզբ է առել դեռևս 2003թ.: Այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել: Այդ ժամանակ դեռ Դուք ղեկավարում էիք ԱԱ-ն:
Կարծում ենք, որ այդ ժամանակ կարող է պարզապես չիմանալ և չլսել այս խնդրի մասին: Սակայն քանի որ այժմ Դուք ՀՀ նախագահն եք, արդեն իսկ պարտավոր եք տեղեկանալ երկրում տիրող իրադարձությունների մասին, կամա-ակամա, օրենքի տրամաբանությամբ ուղղել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թույլ տված սխալը:
Պրն նախագահ, չգիտենք` որքանով եք տեղեկացված այս խնդրի մասին, փորձենք այն համառոտ ներկայացնել Ձեր դատին:
2003թ. օգոստոսի 1-ին նախկին նախագահ Ռ. Քոչարյանը ՀՀ-ում գտնվող 42 մահապատժի դատապարտված դատապարտյալներին ներում շնորհեց Սահմանադրության 55 կետի հատկանիշներով:
Այն ժամանակ 1961թ. օրենսգրքով (որն ուժի մեջ էր մինչև 2003թ. օգոստոսի 1-ը), նախատեսված էր ներում շնորհելու դեպքում, ներումով մահապատիժը փոխարինել 15 կամ 20 տարի ազատազրկմամբ, սակայն մերը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Այստեղ նախագահը թույլ տվեց օրենքի կոպիտ խախտում.
«Մահապատժի վերացման վերաբերյալ 2003թ. արիլի 18-ին ընդունված և օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած Քր. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ Քր. օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն և հոդված 6-ում օրենքը հաստատում է Քր. օրենսգրքի 22-րդ հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամաբ նշանակված պատիժը, դատավճիռը կայացրած դատարանի
Կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից, փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ (բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, այսինքն` 42-ին) արդեն օրենքը արգելում է նոր Քր. Օրենսգրքից
1 տառ անգամ ամրագրել, բայց Ռ. Քոչարյանը թքած ուներ օրենքի վրա` հագել էր դատավորի սև հագուստը և կատարում էր դատավորի դերը:
Այս խնդրի կապակցությամբ բանտ է այցելել ԱԺ Պետաիրավականի փոխնախագահ պրն Ռաֆիկ Պետրոսյանը 5 հոգուց բաղկացած պատգամավորական խմբով, որի ղեկավարն էր:
Խնդրին ծանոթանալուն պես հայտարարեց, որ ներման հրամանագիրը կազմված է օրենքի կոպիտ խախտմամբ, խոստացավ, որ կշտկի: Որոշ ժամանակ անց մեզ մոտ այցելեց ԱԺ նախագահ պրն Տիգրան Թորոսյանը: Նույնպես ծանոթանալով խնդրին` հայտարարեց և խոստացավ, որ կպարզի` ո.ր իրավաբանն է կազմել այդ ներման հրամանագիրը:
Շուրջ 8 տարի է մենք պայքարում և պահանջում ենք ուղղել այս սխալը: Ողջ մամուլում հրապարակվել են մեր գանգատ հոդվածները` հավատալով արդարության վերականգմանը: Առ այսօր հեռուստաեթերներով բարձրացվում է մեր խնդիրը, մամուլը լուսաբանում է, սակայն տիրում է լռություն:
Պրն նախագահ, ս.թ. մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդուվեց Քր. օրենսգրքի լրացումներ և փոփոխություններ նախագիծը, մասնավորապես, Քր. օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասը, որը հնարավորություն է տալիս ու մեծ հավատ ներշնչում, որ դատարանները կվերանայեն ցմահ դատապարտյալների քրեական գործերը:
Մեծարգո պրն նախագահ, համապատասխան մարմինները` ՀՀ գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը չեն ցանկանում որևէ քայլ կատարել, այլ սպասում են Ձեր թագավորական փոքրիկ հրամանին:
Ուստի խնդրում ենք Ձեզ համապատասխան միջոցներ ձեռնարկել` վերոնշյալ խնդիրն օրինական ուժ ստանալու համար:
Հույսով և հավատով սպասում ենք Ձեր արդարամիտ որոշմանը»:










































