Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միանգամից 19 մարդ մահացել է Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում բանակի ստորաբաժանումների և հանցագործների ընդհարման ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կրակոցները տեղի են ունեցել նահանգի մայրաքաղաք Սալտիլյոյում և Պյեդրաս Նեգրաս քաղաքում: Զինվորականների տվյալներով, անհայտ հանցագործները հրաձակվել են Սալտիլյոյի փողոցները հսկող զինվորների վրա, որի արդյունքում սպանվել է հանցագործներից մեկը:
Այնուհետև գողացված մեքենայի մասին տեղեկությունները ստուգելու ընթացքում զինվորականները հարձակման են ենթարկվել քաղաքի մյուս մասում: Սակայն զինվորներին հաջողվել է ոչ միայն նրանց հետ քշել, այլ նաև ոչնչացնել ութ հանցագործի, առգրավել մի քանի մեքենա, հրազեն և զինամքերք: Մեկ զինվոր սպանվել է:
Պյեդրաս Նեգրասում զինվորականներին հաջողվել էր ոչնչացնել հինգ ենթադրյալ հանցագործի, սակայն իրենք նույնպես ունեցել են չորս զոհ: Ընդ որում, զինվորականները մահացել են ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, որով նրանք շրջում էին:
Կոաուիլա նահանգը Մեքսիկայի այլ հյուսիսային նահանգների հետ միասին հայտնի է նրանով, որ զբաղվում է ԱՄՆ թմրանյութերի մատակարարմամբ: Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնի խոսքերով, թմրանյութերի դեմ պայքարի համար երկրում զորքեր են մտցվել, որոնք պարբերաբար իրենց վրա են վերցնում ոստիկանության գործառույթները, որոնց իշխանությունները չեն վստահում կոռումպացված լինելու պատճառով:











































