«ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները երեկ` ողջ օրը, ուսումնասիրություններ են անցկացրել Քաջարան գյուղում, որից հետո գյուղացիներին վստահեցրել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առայժմ գյուղի տարածքներին չի դիպչի»,- գրում է «ՀԺ»-ն ու հավելում.
«Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը. «Ամբողջ գյուղը հավաքվել էր: Մենք նրանց ասացինք, որ բացառվում է` մենք մեր տարածքները տանք որևէ մեկին: Քննարկեցինք, խոսեցինք, գնացին: Կոմբինատից էլ ներկայացուցիչներ կային»,- պատմել է գյուղապետը` հավելելով, որ իր տպավորությամբ նախարարությունը դեռևս գյուղացիների կողմից է:
Իր հերթին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի օգնական Արթուր Հակոբյանը երեկ թերթին ասել է. «էսօրվա դրությամբ Քաջարանում տեղահանման և վերաբնակեցման խնդիր չկա, որովհետև կոնկրետ Քաջարանի տարածքից կոմբինատը վերցնում է այն հատվածը, որը բնակավայր չի: «Տարածքը, որ որպես հանք պետ է օգտագործենք, ամենամոտ տունը մի քանի հարյուր մետր հեռու է, բայց դա չի նշանակում, որ այդ մի քանի մետր հեռուի վրա հիմա գալու են պայթեցում անեն: Դա կարող է տևել հինգ տարի, տասը տարի, մինչև հասնեն էդ մի քանի հարյուր մետրին»,-ասել է Հակոբյանը:
Հարցին` ձեր կարծիքով, այդ տարածքում հնարավոր է լինելու ապրել, Հակոբյանը պատասխանել է` «Հա, հա, հնարավոր է լինելու ապրել»:








































