Այսօր, Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում ստորագրված արձանագրությունն ունի որոշակի բացառություն. արձանագրության դրույթները չեն վերաբերելու ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին։
Այն ռուսական կողմից ստորագրել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան, իսկ ԱՀԿ-ի կողմից` կազմակերպության գլխավոր տնօրեն Պասկալ Լամին: Ռուսաստանը ԱՀԿ լիիրավ անդամ կդառնա ոչ ուշ, քան 2012թ. ամռանը։
Ավելի վաղ ԱՀԿ-ի անդամ երկրների նախարարները հավանություն էին տվել փաստաթղթերի ամբողջական փաթեթին, ներառյալ ՌԴ պարտավորությունները` ապրանքների և ծառայությունների շուկայի մուտք ապահովելու մասով:
ԱՄն-ի և Ռուսաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին նոր հիմք կստեղծի երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման համար: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս առթիվ շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին: Վերջին տարիներին, ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը խանգարում էր Վրաստանը, որը լինելով այդ կազմակերպության անդամ, վետոյի իր իրավունքն էր կիրառում Ռուսաստանի անդամակցության դեմ: Վրաստանը տեղի տվեց միայն ԱՄՆ-ի գործուն ջանքերից հետո: Մինչ այդ՝ ԱՀԿ-ին ՌԴ անդամակցությանը խոչընդոտում էր 1974 թվականին ԱՄՆ ղեկավարության կողմից ընդունված Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որը սահմանափակում էր սոցիալիստական դաշինքի երկրների հետ առևտուրը: Արգելքի վերացումը կանաչ ճանապարհ բացեց Ռուսաստանի առջև:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին անդամակցելու համար ՌԴ-ն պայքարում էր սկսած 1993 թվականից:









































