Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն այսօր պահանջել է թույլ տալ օգտագործել ավելի քան 160 միլիարդ դոլարի իրենց ակտիվները, որոնք սառեցվել էին բռնապետ Մուամար Քադաֆիի դեմ իրականացված պատժամիջոցների պատճառով:
«Լիբիայի ողջ բնակչությունը միջազգային հասարակությունից պահանջում է արագացնել հակասառեցման գործընթացը, որպեսզի մենք կարողանանք տնտեսությունը բերել նորմալ վիճակի»,– ասել է Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը: Նա նաև նշել է, որ այդ գումարը հարկավոր է բարեփոխումներ իրականացնելու և Քադաֆիի իշխանության դեմ ծագած ապստամբության ընթացքում ավելի քան 25.000 զոհված լիբիացիների ընտանիքներին օգնություն տրամադրելու համար:
AFP-ն գրում է, որ Աբդել Ջալիլն ասել է, որ զոհվածների թիվը 24.000-25.000 է և նրանցից 5.000-6.000-ը ամուսնացած մարդիկ են եղել, որոնց այրիներին և որբերին օգնություն է հարկավոր: Ինչպես նաև՝ ապստամբությունների պատճառով Լիբիայում ավելի քան 35.000 վիրավորներ կան:











































