Վաշինգտոնում տեղի է ունեցել խորհրդաժողով, որի ընթացքում հայերը, վրացիները և ադրբեջանցիները քննարկել են անկախության 20 տարիների հիմնախնդիրները: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Քսան տարին բավական է չափահաս կոչվելու համար»
Միջազգային քաղաքականության խնդիրները հետազոտող The National Interest («Ազգային շահը») ամերիկյան հանդեսի վերջին համարում լույս է տեսել Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Կովկասի չափահասների հետ զրուցելիս» վերտառությամբ հոդվածը։
«Ե՞րբ է երկիրը հասում դառնում։ Այս հարցը կարելի է ուղղել Խորհրդային Միության փլուզումից հետո անկախության քսանամյակը նշող բոլոր երկրներին։ Իմ պատասխանը հակիրճ է` քսան տարին բավական է չափահաս կոչվելու համար, թեպետ այդ տարիքում Միացյալ Նահանգներում դեռ չունես ալկոհոլ գնելու իրավունք»,- գրել է Թոմաս դե Վաալը։
Նրա համոզմամբ`այլ կերպ կարելի է ասել, որ այդ պետություններն արդեն «անցումային շրջանում» չեն։ Երեք երկրներում էլ վերնախավերը քիչ թե շատ կայացրել են մի համակարգ, որը, ամենայն հավանականությամբ, ո՛չ կքանդվի, ո՛չ էլ կվերածվի եվրոպական ոճի դեմոկրատիայի։
Հարավային Կովկասի հիմնահարցերը օրերս քննարկվել են Քարնեգիի հիմնադրամի կազմակերպած միջազգային խորհրդաժողովում, որին մասնակցել են քաղաքագետներ, իրավապաշտպաններ և մեկնաբաններ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից։
Քննարկումը թեժ էր և բավական հոռետեսական։ Կար ընդհանուր համաձայնություն, որ երեք երկրներում էլ կառուցել են մի բան, որը չի համապատասխանում 1991 թվականի բռնություններից և տնտեսական կաթվածից հետո անկախության ուղին բռնած երեք ժողովուրդների տեսլականին։
«Երեք երկրներում չկա օրենքի գերակայություն»
«Նավթադոլարների» շնորհիվ ՀՆԱ-ն անկախության տարիներին վեց անգամ ավելացրած Ադրբեջանը ոչ մշտական անդամի կարգավիճակով հունվարից կմիանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Եվ այնուամենայնիվ, այդ երեք երկրներում չկա օրենքի գերակայություն, արդար ընտրություններ, ազատ շուկա, երկխոսության և բանավեճի ազատ դաշտ։ Ավելին, դե Վաալի համոզմամբ` երեք երկրներում էլ այդ առումով հիմա նահանջ է գրանցվում։
Վերլուծաբանը երկու հանգամանքի վրա է կանգ առնում` արհեստավարժություն և լճացում։ Արհեստավարժությունն ակնհայտ էր երկու օր տևած խորհրդաժողովում. երկու տասնյակ մասնակիցներ վարժ անգլերենով քննարկում էին հիմնահարցերը, ապացուցելով, որ տեղացիներն ի զորու են այդ մակարդակով վերլուծել տարածաշրջանի անցուդարձը։
Արհեստավարժությունը բնորոշ էր Հայաստանի քաղաքացիական ծառայությունը իրականացնող մարդկանց, Ադրբեջանի նավթի և գազի արդյունաբերության աշխատողներին և Վրաստանի արտաքին գործոց նախարարության պաշտոնյաներին։
Իսկ լճացման մասին ստիպում է խոսել այդ երկրների իշխող վերնախավերի «խրամատավորված» վիճակը։ Ղեկավարվելով իշխանությունը պահպանելու մղումով, դրանք ոչինչ չեն անում երկրի քաղաքական և տնտեսական խնդիրների համար։
Օրինակ, ըստ տնտեսագետ Դավիդ Գասպարյանի, Հայաստանում չհարկվող եկամուտը, որն անմիջապես վերնախավի գրպանն է մտնում, կազմում է ՀՆԱ-ի մոտ 6 և կես տոկոսը` գրեթե կես միլիարդ դոլար, ինչը հսկայական գումար է փոքր երկրի համար։
Ադրբեջանցի մեկնաբան Լեյլա Ալիևայի խոսքով` «համակարգը սոսնձող գործոնը քաղաքական հովանավորությունն է, իսկ կաշառքը՝ օրինականության պակասը հատուցող գործիքն է»։
Վրաց իրավապաշտպան Գիորգի Գոգիան էլ ասում է, որ իր երկիրն այնքան էլ ազատ չէ, որքան թվում է։
«Կամ պետականաշինություն, կամ մարդու իրավունքնե՞ր»
«Բարեփոխումները, որոնք կառավարությունն իրականացրել է կոռուպցիայի և հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, իրավունքի այնքան սահմանափակումներ են բերել, որ արդյունքում խարխլել են օրենքի գերակայությունը»,- ասել է Գոգիան և ավելացրել. «Ճիշտ չէ հանրությանը դնել «կա՛մ պետականաշինություն, կա՛մ մարդու իրավունքներ» ընտրության առջև»։
Թոմաս դե Վաալը նշում է, որ երեք երկրներում առկա խնդիրները հաճախ պատճառաբանում են աշխարհաքաղաքական վիճակով։
Ամերիկահայ պատմաբան, նախկինում Հայաստանի պետական պաշտոնյա Ժիրայր Լիպարիտյանը ժամանակին դասախոսություններով հանդես է եկել Ստամբուլում, Երևանում, Բաքվում, Թեհրանում և Թբիլիսիում։
«Ամենուր զարմացրել է նույն հանգամանքը` մարդիկ մեղադրել են հարևաններին, համոզված լինելով, որ ամեն ինչում ուրիշներն են մեղավոր»,- ասել է Լիպարիտյանը։
Սակայն հիմա երեք երկրներում գոյացել են քաղաքական-քաղաքացիական հաստատություններ, և դրա հետևանքով պետությունների համար այլևս դյուրին չէ ամեն բանում հարեւանին մեղադրել։
Վրաց լրագրող Մարգարիտա Ախվելեդիանին` ձևափոխելով ԱՄՆ-ի հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի հայտնի խոսքը, ասել է. «Մի հարցրեք, թե ինչ կարող է ձեր ընդդիմախոսն անել ձեզ համար, հարցրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր ընդդիմախոսի համար»։
Հայաստանցի իրավաբան Դավիթ Խաչատրյանն էլ այսպես է ձևակերպել օրվա կարգախոսը` «Այլևս ոչ մի ներում»։ Եթե երեք երկրներն արդեն ոչ թե «անցումային» են, այլ «չափահաս»` ինչպիսի՞ն պետք է լինի Աեևմուտքի մոտեցումը։
Եկել է «մեծահասակների» զրույց վարելու ժամանակը
Ադրբեջանցի իրավաբան Էրքին Գադրիլիի համոզմամբ, Արևմուտքը պարտավոր է պահանջել իրական փոփոխություններ և Հարավային Կովկասի պետությունների հետ հարաբերություններում առաջնորդվել «բավ է զբաղվել կոսմետիկ բարեփոխումներով» կարգախոսով։
Գադրիլին ասել է, թե արևմտյան օգնությամբ Ադրբեջանում սահմանվել է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, սակայն «մարդու իրավունքներից զերծ այնպիսի տարածքում, ինչպիսին Ադրբեջանն է, «օմբուդսմեն» հասկացությունն ընդամենը վարկաբեկվել է, և դա վնաս է հասցրել Արևմուտքի վարկին»։
Թոմաս դե Վաալի համոզմամբ` այս ամենը Արևմուտքին ստիպում է հստակ սահման անցկացնել․ գիտակցել, թե որտեղ կարելի է աջակցել արհեստավարժներին եւ որտեղ պահպանել ստատուս-քվոն։
Կա արտաքին քաղաքականության ասպարեզում, ենթակառուցվածքների և կրթության բնագավառներում երեք պետությունների հետ արդյունավետ համագործակցության փորձ, սակայն հռչակել, թե այդ երկրները շարժվում են դեպի դեմոկրատիա և անհրաժեշտ բարեփոխումներ են կատարում, կնշանակի գործնականում թուլացնել դրանց դեմոկրատական ուժերը։
Երբ Արևմուտքը սատարում է հսկողության գործիքներ հանդիսացող կառավարական այնպիսի հաստատություններին, ինչպիսին են հեռուստակայանները, նախարարությունները, ակամա ինքն իրեն վարկաբեկում է հնարավոր բարեփոխականների աչքերում։
Դա այս կամ այն չափով վերաբերում է ետխորհրդային բոլոր երկրներին։ Հարավային Կովկասում, օրինակ, Ադրբեջանն առավել ավտորիտար է, մոտ է Ռուսաստանին կամ Կենտրոնական Ասիայի երկրներին։ Վրաստանը թեպետ «առողջ դեմոկրատիա» չունի, սակայն ավելի առաջադիմական է։
Այստեղ Արևմուտքը պետք է կիրառի իր բոլոր լծակները ավելի ազատ ընտրություններ և անկախ դատական համակարգ կայացնելու հարցում։
Քսան տարի անց Կովկասում նոր բնապատկեր է ձևավորվել։ Հետխորհրդային երկրները հասունացել են, թեպետ ոչ այն աստիճանի, որ Արևմուտքը կցանկանար։
«Արդեն ժամանակն է այդ երեք երկրների հետ վարելու «մեծահասակի» զրույց ոչ այնքան այն մասին, թե ինչպիսին էինք ցանկանում դրանք տեսնել հասունացած տարիքում, որքան այն մասին, թե ինչպիսին են դրանք իրականում` այսօր»,- եզրափակել է Թոմաս դե Վաալը։








































