Գյուղացին օրենքով պաշտպանված չէ. այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա` հենց այստեղից էլ սկսվում են բոլոր դժբախտությունները` և՛ տեխնիկայի, և՛ սերմանյութի հետ կապված: Հ. Բերբերյանը լուծումը համարում է հետևյալը. գյուղացուն պետք է բերել օրենքի դաշտ, և այս դեպքում նա նաև սուբսիդիա կստանա:
Հ. Բերբերյանը շեշտեց, որ գյուղացիական միավորումների կազմակերպման ձևի և չափի միջև տարբերություն չկա: Օրինակ` կան 20-30 հա տարածք ունեցող ֆերմերներ, որոնք շատ հաջող աշխատում են, և պետությունը չպետք է պարտադրի միավորվել:
Միաժամանակ բանախոսը նշեց` էական չէ, թե որքանով է մշակաբույսի ինքնարժեքը բարձր կամ ցածր, պետությունը պետք է խրախուսի ցանկացած մշակաբույսի արտադրությանը:
Նա գյուղացիներին խորհուրդ տվեց հաջորդ տարի մշակել բանջարեղեն, լոլիկ, կարտոֆիլ, որովհետև դրանք միշտ շահութաբեր են:
«Մի բարի խորհուրդ էլ տամ` չմոռանալ
ցանքաշրջանառության մասին»,- նշեց Հ. Բերբեյանը:
Ըստ միության նախագահի` ընդհանուր առմամբ այս տարին, անցած տարվա համեմատ, հաջող էր, սակայն ոչինչ չարվեց հիվանդությունների և վնասատուների դեմ` դրանց դեմ պայքարը մնաց բնության հույսին:











































