ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Երևանի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդագրության՝ խոսելով օպերատիվ ծառայության աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների մասին` ոստիկանության պետն ընդգծել է իր հատուկ վերաբերմունքը համակարգի գործունեության այդ ոլորտի հանդեպ. «Ես աշխատելու եմ օպերատիվ անձնակազմի հետ: Ինքս օպերատիվ աշխատող եմ եղել և աշխատելու եմ ձեզ հետ: Ժամանակն է օպերատիվ աշխատանքով ամրագրել այն բոլոր հաջողությունները, ինչ մենք կունենանք արտաքին ծառայությունում: Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ուղղակի ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ»:
Վ. Գասպարյանը նաև ընդգծել է, որ առանց ոստիկանության բոլոր օղակների ուժեղացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման անհնար է լուրջ հաջողություն ակնկալել առանձին վերցված մեկ ոլորտում:
Խոսելով օպերատիվ ծառայությունների խնդիրների մասին` ոստիկանության պետը հանձնարարել է կարճ ժամկետում պատշաճ մակարդակ ապահովել աշխատանքային և կատարողական կարգապահության ոլորտում, ուժեղացնել փոխգործակցությունը բոլոր այն ծառայությունների հետ, որոնք առնչվում են օպերատիվ ծառայությունների բնագավառին, սերտացնել կապը մարզային ստորաբաժանումների հետ:
Ըստ ոստիկանապետի՝ միայն հստակ ու բազմակողմանի համագործակցության դեպքում հնարավոր կլինի հասնել լուրջ որակական տեղաշարժի:
Վ. Գասպարյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ընթացիկ աշխատանքին զուգահեռ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նախկին տարիներին կատարված ու չբացահայտված հանցագործությունների խնդիրը: Անդրադառնալով վերջին օրերին կատարված մի շարք կարևոր բացահայտումներին՝ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Տեսնո՞ւմ եք, տղե՛րք, որ ուզում եք, ստացվում է: Ստացվում է և՛ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, և արտոնյալ հետախուզվողներ բռնել… Եվ անընդհատ բռնվելու են իրենք»:
Ոստիկանապետը հենց տեղում հրամաններ է ստորագրել, որոնցով խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք աշխատակիցներ:







































