Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է նախագահական ժամկետի խնդրին.
«2007 թվականին կատարված սահմանադրական ուղղումների համաձայն՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7-ից նվազեցվել է 5 տարի՝ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ։ Մենք արդեն ականատես ենք եղել, թե ինչպես նույն 2007 թվականի ուղղումներն ազդեցին խորհրդարանական ընտրությունների վրա, երբ խորհրդարանականի լիազորության ժամկետը 5-ից նվազեցվեց 4 տարվա։
Դա հանգեցրեց նրան, որ այս տարի Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Սակայն, չգիտես ինչու, այդ ուղղումները չեն տարածվում նախագահական ընտրությունների վրա։ Դրանք պետք է կայանան 2012 թվականին և ոչ թե 2014 թվականին։ Իշխող կուսակցությունը երկրում քաոսային դրություն է ստեղծել»։
Հիշեցնենք, որ այսօր թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես պահանջել է, որ 2012 թվականին Թուրքիայում տեղի ունենան նախագահական ընտրություններ։







































