«Նարեկացու լույսը միշտ վառ կմնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը` անդրադառնալով վերջին շրջանում իր և արվեստի միության շուրջը ստեղծված աղմուկին:
Ըստ նրա` «Նարեկացի» արվեստի միության լույսը փորձում են մարել, իսկ այդ լույսը ծառայում է հայ ժողովրդին: Օրեր առաջ հարկերից խուսափելու կասկածանքով կալանավորվել էին Նարեկ Հարթունյանը, նրա ընտանիքին պատկանող ընկերության փոխտնօրենն ու հաշվապահը: Այդ փաստը մեծ իրարանցում էր առաջացրել սփյուռքում, հայ մշակույթի գործիչների և լրատվամիջոցների շրջանում, ուստի բանախոսը աջակցության համար շնորհակալություն հայտնեց բոլորին:
Անդրադառնալով ընկերության հարկային պարտավորություններին` ընկերության փաստաբան Անի Թորոսյանն ասաց` դեռևս պարզ չէ, թե ինչ հարկային պարտավորությունների մասին է խոսքը, Հարթունյանները երբեք դրանցից չեն խուսափել:
Նա անդրադարձավ նաև լրատվամիջոցներում հայտնված այն հրապարակումներին, ըստ որոնց` նրանք ազատվել են, քանի որ ձեռք է բերվել հարկերը մուծելու պայմանավորվածություն:
«Նախապես այդպիսի պայմանավորվածություն չի եղել և չէր կարող լինել, քանի որ մենք դեռ պետք է պարզենք` կա՞ հարկային պարտավորություն, թե՞ ոչ: Հնարավոր է, որ չկա»,- մեկնաբանեց Ա. Թորոսյանը: Նարեկ Հարթունյանն իր հերթին ասաց, թե չի պատրաստվում խուսափել հարկեր վճարելուց, եթե, իհարկե, դրանք օրինական են:











































