Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանն ու Անկարան ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնք առնչվում են թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեյնպուրը։
Նշվում է, որ Հոսեյնպուրն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի հետ, որի ժամանակ էլ ընդգծել է, որ երկու երկրները մեծապես համագործակցում են տնտեսական, քաղաքական, հետախուզական, անվտանգության և մշակութային ոլորտներում։
Հոսեյնպուրը կարևորել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացումը, որը, ներկայիս դրությամբ, կազմում է 15 միլիարդ դոլար։ Նա նաև կոչ է արել ակտիվացնել երկու երկրների ոստիկանական ուժերի միջև համագործակցությունը։











































