«Մենք երբեք հարկերից չենք խուսափել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը` խոսելով իր կալանավորման, «Նարեկացի» արվեստի միության և իր շուրջը ծավալված աղմուկի մասին:
Նա հորդորեց բիզնեսը չխառնել «Նարեկացի» արվեստի միության հետ և հայտարարեց, որ իր կալանավորումը կապված է եղել «Ջի էյջ ստորիջ էնթերփրայզիս» ընկերության հետ:
Նշենք, որ օրեր առաջ հարկային պարտավորություններից խուսափելու և փողի լվացման կասկածանքով կալանավորվել էին ընկերության նախագահ Նարեկ Հարթունյանը, փոխտնօրեն Անի Մնացականյանը և հաշվապահ Արթուր Գալստյանը: Դատախազի օգնությամբ նրանք կալանավորումից օրեր անց ազատվեցին:
«Ինձ սպառնացել են, ասել` եթե չմուծեմ իրենց ներկայացրած հարկերը, էլի կկալանավորեն: Մենք չենք խուսափում, պարզապես ցանկանում ենք, որ ամեն ինչ արդար լինի, պետք չէ անհիմն ակտ գրել: Հետապնդումների պատճառները շատ հասկանալի են. այս ամենն արվում է գումարի համար»,- մանրամասնեց Ն. Հարթունյանը`հավելելով, որ այս խնդիրը բոլորինս է:
Նա նշեց, որ հայրենիքը, միևնույն է, չի լքելու. նա չի հիասթափվել: Ըստ նրա` հայը, որպես քրիստոնյա, պետք է արթնանա. ոչ թե մտածի` ինչպես գումար շորթել, այլ մտածի հայրենիքին ծառայելու մասին:
Համատեղ ասուլիսի ընթացքում խնդրի իրավական կողմը ներկայացրին փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը և Անի Թորոսյանը: Լ. Հովհաննիսյանի խոսքով` անցյալ տարվա օգոստոս ամսից խնդիրներ են առաջացել ընկերության նախկին տնօրեն Սևակ Արծրունու հետ, սակայն երբ նրան զրկել են լիազորություններից, սկսվել են այս գործընթացները:
«Միլիոնավոր դոլարների յուրացումներ էր կատարել: Նարեկը հանգամանքների բերումով ստանձնեց ղեկավարի պարտականությունները և պարզեց, որ կան չարաշահումներ. այդ պահից սկսած` նախկին ղեկավարի լիազորված անձին ներկայացրեց արդարացի պահանջ: Նարեկը փորձում էր այդ ամենը պետական մարմինների համար բացահայտել: Սակայն արգելանք դրվեց Հարթունյանների ունեցվածքի վրա: Այնուհետև արգելանք դրվեց ընկերության հաշիվների վրա»,- նկատեց փաստաբանը`հավելելով, որ որևէ գումար եթե փաստարկված չէ, ենթակա չէ վճարման:
Հովհաննիսյանի համոզմամբ` չկա որևէ փաստաթուղթ, հիմք այն մասին, որ խուսափել են հարկերից: Մեկ բան փաստաբանը ակնհայտ է համարում. Սևակ Արծրունու թիկունքում, այս գործի ետևում հզոր մարդիկ են կանգնած, քանի որ քննիչի ուրախությունն անսահման էր, երբ կալանավորման որոշում կայացվեց:









































