Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի համոզմամբ` «Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայում գոյություն ունի երկրում»:
Տոլոսան այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե ԱՄՀ-ում ցանկանում են, որ Հայաստանի իշխանությունները արագացնեն տնտեսությունում իրականացվող բարեփոխումների տեմպերը:
Երեկ հայտնի է դարձել որ ԱՄՀ-ն Հայաստանին տրամադրել է հերթական վարկը` 56.1 միլիոն դոլարի չափով:
Սակայն վարկի հետ զուգահեռ հիմնադրամը Հայաստանի կառավարությանն է հղել մի շարք խորհուրդներ, այդ թվում` «վճռական ճեղքում» գրանցել տնտեսությունում իրականացվող բարեփոխումներում:
Այսօր Գիերմո Տոլոսայի հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանը փորձել է հստակեցնել, թե «վճռական ճեղքում» ձևակերպումը արդյո՞ք նշանակում է, որ ԱՄՀ-ն դժգոհ է Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեմպերից:
«Մենք կարծում ենք, որ բարեփոխումները կարևոր են, և մենք ուրախ ենք, որ որոշ բարեփոխումներ հանգեցրել են (Հայաստանում) բիզնես միջավայրի որոշակի բարելավմանը: Բայց մենք նաև կարծում ենք, որ դեռ ավելին պետք է արվի:
Հատկապես այն պայմանների առկայության պարագայում, որոնց բախվում է Հայաստանը` միջազգային տնտեսության հետ կապված աճող հոռետեսական գնահատականները և այն բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, որն առկա է Հայաստանի շուրջ: Ուստի Հայաստանն այլևս չի կարող հանդուրժել այն բարդ բիզնես միջավայրը, որը ներկայումս գոյություն ունի երկրում», – ասել է Տոլոսան:
«Մենք քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին, մենք կողջունեինք (երկրում) բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների տեմպերի արագացումը», – հավելել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչը:
Հիշեցնենք` անցած տարվա հունիսին ԱՄՀ-ն ու պաշտոնական Երևանը պայմանավորվեցին, որ 2010-2013թթ. հիմնադրամը Հայաստանին պետք է տրամադրի 413.4 միլիոն դոլարի վարկ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի նշված ժամանակահատվածում Հայաստանի պետբյուջեի կատարմանը և ամրապնդվեն Կենտրոնական բանկի պահուստները:
Հաշվի առնելով նաև նշված 56.1 միլիոն դոլար վարկի տրամադրումը` ԱՄՀ-ն անցած մոտ մեկ ու կես տարում Հայաստանին արդեն իսկ տրամադրել է 224.3 միլիոն դոլարի վարկ:
Զրույցի ընթացքում Գիերմո Տոլոսան անդրադարձել է նաև այսօր Եվրոպայում առկա ֆինանսատնտեսական բարդ իրավիճակի հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
«Ներկայում հնարավոր բացասական ազդեցությունը սահամանափակ է, որովհետև (Հայաստանի տնտեսության համար կարևոր) երկու գործոնները` եվրոպական տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներ բացասաբար չեն ազդել Ռուսաստանի տնտեսությունում վիճակի և հումքի միջազգային գների վրա:
Օրինակ` այս հոկտեմբերի տվյալների համաձայն, Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճ ապրել, իսկ պղնձի և հումքի այլ տեսակների գները, չնայած որոշակի անկմանը, բայց շարունակում են բարձր մնալ` այդ առումով գտնվելով աննախադեպ բարձր մակարդակում: Սակայն հայացք նետելով առաջ` տեսնում ենք, որ ռիսկեր կան, որ եվրոպական զարգացումները կարող են բացասաբար ազդել նշված երկու գործոնների վրա և ի վերջո Հայաստանը կարող է տուժել եվրոպական ճգնաժամից», – ասել է Տոլոսան:
Տոլոսան նշել է, թե ԱՄՀ-ի կանխատեսմամբ` գալիք տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 4 տոկոս, սակայն միևնույն ժամանակ ավելացրել է, թե Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների պատճառով ռիսկերը մեծացել են և որ Հայաստանը չի կարողանա ապահովել նման աճ:
ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ եթե հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևի քաղաքական անկայունությունը, ապա այն նույնպես կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:
«Մենք կարծում ենք, որ ընտրություններից հետո քաղաքական անկայունությունը կարող է, մասնավորապես, բացասաբար ազդել ներդրումների վրա: Սակայն պետք է նշեմ, որ սա մեր կողմից դիտվող ամենահավանական սցենարի մեջ չի մտնում», – ասաց նա:











































