Հնդկաստանի արևելյան մասում գտնվող Արևմտյան Բենգալիա նահանգի Սանգրամպուր գյուղում ինքնաթոր սպիրտային խմիչքից թունավորվելով՝ մահացել է ավելի քան 100 մարդ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ գյուղի բնակիչները սպիրտային ըմպելիքը խմել են այս գիշեր, որից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է: «Նրանցից շատերը ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում,- հայտնել է շրջանային իշխանությունների ներկայացուցիչը,- զոհերի թիվը կարող է ավելանալ»:
Ալկոհոլի անօրինական մատակարարման մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ:
Վերջին տարիներին սա Հնդկաստանում ինքնաթոր խմիչքից թունավորման առաջին դեպքը չէ: 2009 թ. նման թունավորումից մահացել է 122, 2008 թ.՝ 170 մարդ:






































