«ՀԺ»-ն գրում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի ընտրվելուց հետո փոխքաղաքապետի հաստիքը թափուր է: Սպասվում էր, որ այս հարցով քաղաքապետարանում արտահերթ նիստ կլինի, սակայն դեռ դրա մասին խոսակցություն չկա:
«Ավագանու հերթական նիստը դեկտեմբերի 23-ին է, որի օրակարգում ևս այդ թեմայով որևէ հարց չկա: Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում քննարկվող թեկնածուներից մեկը ՀՀԿ խմբակցության անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն էր: «Նման բան չկա, ես ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել»,- ասաց նա: «Իսկ ցանկություն կա՞»,- հարցրինք Ազարյանին: «Ես իմ աշխատանքը սիրում եմ, 150 մարդ կա այստեղ աշխատող, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը նկատի ունենալով՝ ասաց նա և հավելեց, որ փոխքաղաքապետի աշխատանքը կխանգարի իր այդ աշխատանքին:
Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում շրջում էր նաև էդուարդ Մադաթյանի (հայտնի Խուճուճ էդոյի) որդու, Թոխմախի Մհերի փեսայի՝ Արման Մադաթյանի անունը: «Ոչ, առաջարկ չի եղել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց նա: Մադաթյանը նաև պնդեց, որ ցանկություն չունի փոխքաղաքապետ դառնալու: «Եթե կուսակցությունը որոշի, որ Արման Մադաթյանը լինի փոխքաղաքապետ, կարող ա ասի՝ չէ, ես չեմ աշխատում: Եթե որոշեն՝ ես աշխատեմ, իհարկե՝ կաշխատեմ: «Չեմ ուզում-ուզում եմ»-ը ո՞րն է:
Հո մարդու չե՞ն տալիս, որ ուզեն կամ չուզեն»,- մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ ՀՀԿ խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանը՝ վստահեցնելով, որ իրեն նույնպես փոխքաղաքապետ դառնալու ոչ մի առաջարկ դեռևս չի եղել»:







































