Դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում կայանալիք ծրագրավորման և նորարար լուծումների Հեքաթոն մրցույթին կմասնակցեն 50-ից ավելի թիմեր: Ինչպես հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, նման մրցույթ մեր երկրում առաջին անգամ է անցկացվում: Այս տարի այն նվիրված է լինելու քաղաքային տնտեսությունում մոբայլ լուծումների կիրառությանը:
«Քաղաքապետարանի առաջին հարկում 50 թիմեր 24 ժամ փակվելու են, իրենց պրոդուկտները բերելու են վերջնական տեսքի, իսկ արդյունքները կկիրառվեն քաղաքում»,- ասաց Բ. Ենգիբարյանը:
Երևանի քաղաքապետարանը սահմանել է գլխավոր մրցանակ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը 3 հաղթողների կպարգևատրի 1 մլն դրամով, 500 հազար և 300 հազար դրամով, ՁԻՀ-ը մրցանակ է սահմանել լավագույն մոբայլ լուծման համար, կլինեն նաև այլ մրցանակներ: Բ. Ենգիբարյանի խոսքով, ՏՏ մշակումները կկիրառվեն քաղաքի խնդիրների լուծման համար՝ աղբի, տրանսպորտի, կառավարման և այլ ոլորտներում:
Միջոցառման կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը, «Մայքրոսոֆթ» ընկերությունը, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը, ՁԻՀ-ը:











































