Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է թուրքական Taraf թերթի թղթակից Մեհմեթ Բարանսուի կողմից շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում գործածված F-16 կործանիչները սխալ կոորդինատներ են ստացել, ինչի հետևանքով PKK-ի զինյալներին գնդակոծելու փոխարեն, գնդակոծել են ամայի տարածություններ.
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Թուրքիայի զինված ուժերը հաշվետվություն են ներկայացնելու իրենց գործունեության վերաբերյալ։ Այդօրինակ հայտարարությունները վնասում են ահաբեկչության դեմ պայքարին»։
Հիշեցնենք, որ երեկ Բարանսուն նշել էր, որ վերոնշյալ դեպքը գրանցվել է այս տարվա հոկտեմբերին՝ 2-րդ բանակային հրամանատարության գոտում։ Վերջինիս հետախուզական ծառայությունը հաղորդել էր, որ երկրի հարավարևելյան հատվածում ընկած Շեմդինլիի շրջանում տեղակայվել են PKK-ի 370 զինյալներ։ Դրանից հետո ռազմաօդային ուժերին հրամայվել է ռմբակոծել այդ տեղանքը։
Սակայն երեք էջանոց գաղտնի հրամանում, իրական կոորդինատների փոխարեն, կեղծ կոորդինատներ են նշվել։ Ընդհանուր առմամբ, փոփոխության է ենթարկվել 18 կոորդինատ, ինչի արդյունքում F-16 կործանիչները, PKK-ականների գտնվելու վայրի փոխարեն, հարվածներ են հասցրել դրանից կիլոմետրերով հեռու ընկած լեռներին։









































