Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզայի հետագա դիվանագիտական ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, նրա հետագա պաշտոնավարման մասին Վաշինգտոնից իրարամերժ տեղեկություններ են ստացվում:
Մեկ տարի առաջ, երբ նոր գումարման Կոնգրեսը դեռ չէր սկսել իր աշխատանքը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարողացավ հաղթահարել Բրայզայի նշանակման 18 ամիս տևած արգելքն ու առանց Սենատի հաստատման նրան նշանակեց դեսպանի պաշտոնում: Ամերիկյան օրենսդրության համաձայն, սակայն, նման պաշտոնավարման առավելագույն ժամկետը մեկ տարի է:
Այդ մեկ տարվա ընթացքում նախագահի ուղղակի հրամանագրով նշանակված ցանկացած դեսպան պետք է հաստատման գործընթաց անցնի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, նշել է. «Բրայզայի թեկնածությունը վերջնականապես մերժված չէ: Սենատը շարունակում է քննարկել նրա նշանակման հարցը»:
Թոների պնդմանը հակառակ` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Մեր տեղեկություններով` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս պահին որևէ ծրագիր չկա` քննարկելու Բրայզայի (նշանակման) հարցը: Եթե այդպես շարունավի մինչև տարեվերջ, ապա պարոն Բրայզան կլքի զբաղեցրած պաշտոնը»։
Նրա խոսքով` այն դժգոհությունները, որ կային Բրայզայի նշանակումից առաջ, այսօր էլ առկա են:
«Պարոն Բրայզան չարեց այն քայլերը, որ պետք է ցույց տային, որ նա անկողմնակալ է: Նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չարեց` կապված Ջուղայի խաչքարերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Սա նշանակում է, որ այն մտահոգությունները, որ առկա էին սենատորների շրջանում, այսօր ևս չեն վերացել։
Տարվա այս վերջին օրերին եթե արտաքին հարաբերությունները հանձնաժողովը չվերադառնա Բրայզայի նշանակման հարցին, ապա կարող ենք հստակ ասել, որ Մեթյու Բրայզայի տխրահռչակ նշանակումը որպես ԱՄՆ-ի դեսպան Ադրբեջանում ավարտվել է»,- նշել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:











































