Մոլդովայի նախագահի պարտականությունները կատարող Մարիան Լուպուն մնացել է դեկտեմբերի 16-ին կայանալիք նախագահական ընտրությունների միակ թեկնածուն: Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Տուդոր Դելիուն:
Ըստ նրա՝ երեքշաբթի օրը հանձնաժողովը գրանցել է Լուպուի թեկնածությունը, ով ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ուրիշ թեկնածուների հայտնվելը բացառվում է, քանի որ փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը երեքշաբթի երեկոն էր:
«Լուպուի թեկնածության կողմ ստորագրել են 101 պատգամավորից 57-ը: Ըստ օրենքի՝ պատգամավորը կարող է իր ստորագրությունը դնել միայն մեկ թեկնածուի աջակցության համար»,- հայտնել է Դելիուն:
Մոլդովայի խորհրդարանը կփորձի նախագահ ընտրել դեկտեմբերի 16-ին: Սակայն իշխող կոալիցիան ունի 59 ձայն, այն դեպքում, երբ նախագահի ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը` 101-ից 61-ը:











































