Dior նորաձևության տան տնօրեն է նշանակվել 43-ամյա բելգիացի Ռաֆ Սիմոնսը, որը 2005 թվականից ղեկավարում էր Jil Sander ապրանքանիշը: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Ռաֆ Սիմոնսը փոխարինելու է Ջոն Գալյանոյին, որին աշխատանքից հեռացրել էին հակասեմական արտահայտությունների համար:
Ջոն Գալյանոն, որը Christian Dior նորաձևության տանը աշխատել էր 1996 թվականից, 2011 թվականի փետրվարի 24-ին ձերբակալվել էր փարիզյան Մարե թաղամասի La Perle սրճարանում հաճախորդների հետ վեճի պատճառով:
Վիրավորված զույգը դիզայների դեմ հայց է ներկայացրել դատարան` նրան մեղադրելով հակասեմական արտահայտությունների և խուլիգանական վարքի համար: Հաջորդ օրը ոստիկանություն էր դիմել մեկ այլ ենթադրյալ զոհ, որը նախկինում չէր համարձակվել հայտարարություն տալ:
Մի քանի օր անց բրիտանական The Sun պարբերականը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Գայլանոն կամ նրան շատ նման մեկը վիրավորում է սրճարանի հաճախորդներին և նշում, որ համակրում է Հիտլերին:
Հենց այս տեսանյութն էլ վճռական դարձավ դիզայների ճակատագրի համար։ Dior-ը շտապեց աշխատանքից ազատել իր տնօրենին, իսկ ոստիկանությունը գործը հանձնեց դատարան: Դիզայները վճարելու է 6 հազար եվրո տուգանք:
Նշենք, որ Գալյանոյին փոխարինող փնտրում էին դեռ մարտից: Մասնավորապես, այդ պաշտոնի համար քննարկվել էր Givenchy-ից Ռիկարդո Տիշիի, Lanvin-ից Ալբերտ Էլբազի և Մարկ Ջեքոբսի թեկնածությունը։











































