Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Obyektiv.tv-ին տված հարցազրույցում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով բաժնի պետի տեղակալ Ռեյչել Դենբերը քննադատել է ադրբեջանական իշխանություններին՝ ընդգծելով, որ նրանք մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի պատրանք են ստեղծում.
«Ադրբեջանն առաջընթաց չի գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Իրավիճակը կարելի էր ավելի վատը լինել, սակայն մենք պետք է գոհ լինենք, որ համաներվեց լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը։ Չնայած դրան՝ դեռևս բանտում են գտնվում Ջաբար Սավալանլըն և Բախտիյար Հաջիևը։
Ադրբեջանական քաղաքական ու դատական իշխանությունները, իրավապահ մարմինները չեն կարող մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ բոլորը լավ գիտեն, որ այդ մարդիկ բանտերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար։
Բանտերում դեռևս մնում են տասնյակ անձինք, որոնց պատժել են ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ կազմակերպելու փորձի համար։ Իհարկե, Թուրքմենստանի համեմատ Ադրբեջանում իրավիճակն այնքան էլ վատ չէ։
Ցայժմ ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը չի կարողանում ձեռնամուխ լինել իր պարտականությունների կատարմանը և պատրաստել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Եթե Ադրբեջանում ամեն ինչ լավ է, և թաքցնելու ոչինչ չկա, այդ դեպքում ինչո՞ւ են ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում Շտրասերի ժամանմանը։
Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի պատրանք է ստեղծում։ Միջազգային հանրությունն ադրբեջանական իշխանություններից ակնկալում են իրական փոփոխություններ»։
Հիշեցնենք, որ Շտրասերն Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող է նշանակվել 2009 թվականի մարտին։ Սակայն նա ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջան, քանի որ ադրբեջանական կողմը շարունակ մերժում է նրան անցագիր տրամադրել՝ պնդելով, թե իր երկրում «չկան» քաղբանտարկյալներ։
Ի դեպ, ներկայումս Շտրասերի մանդատը փոփոխության է ենթարկվել. նա Ադրբեջանի քաղբանտարկյալների զեկուցողից վերածվել է ԵԽԽՎ քաղբանտարկյալների զեկուցողի, ինչը, փաստորեն, նույնպես չներգործեց ադրբեջանական իշխանությունների վրա։











































