Մեկնարկեցին խորհրդարանական լսումները` նվիրված Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ ԱԺ առողջապահության և մայրության ու մանկության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպեցին խորհրդարանական լսումներ:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, ոլորտի նախարարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ երեխաների իրավունքի ոլորտը ներառում է նրա իրավունքի պաշտպանությանն առնչվող այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են սոցիալական, առողջապահական, կրթական, ինչպես նաև այլ բնագավառներ:
Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված էին պատգամավորներ Արա Բաբլոյանը, Արտակ Դավթյանը, Արամ Սաֆարյանը, Արծվիկ Մինասյանը, Գագիկ Բաղդասարյանը և Անահիտ Բախշյանը:
Առաջինը զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Նա ներկայացրեց զեկույց` «Երեխաների իրավունքների պաշտպանությունը ընտանեկան նպաստի համակարգում» թեմայով:
Զեկույցներով հանդես եկան նաև առողջապահության, կրթության նախարարությունների ներկայացուցիչները և ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը: Յուրաքանչյուր զեկույցից հետո նախատեսվում են քննարկում և ամփոփում:
Հիշեցնենք, որ 1992 թվականին Հայաստանը միացավ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային:
1996 թվականին կոնվենցիայի ընդունմանը հետևեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:







































