Արցախի Հանրապետության նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Շուշի շրջկենտրոն, որտեղ աշխատանքային քննարկումներ է անցկացրել քաղաքում նոր բժշկական համալիրի կառուցմանը վերաբերող հարցերի շուրջ: Երկրի ղեկավարը կարևորել է Շուշիում միջազգային չափանիշներին համապատասխան համալիրի կառուցումը՝ այն համարելով քաղաքի զարգացման անհրաժեշտ խթաններից մեկը:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև Շուշիում տեղակայված գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ և ծանոթացել տեղի պայմաններին: Նախագահը նշել է, որ այս պահեստը համարվում է հանրապետության պետական պահուստի կարևոր բաղադրամասը և գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում:
Այնուհետև նախագահ Սահակյանն այցելել է Շուշի-Կարմիր Շուկա խաչմերուկում գտնվող կարծր վառելիքով կաթսաների պատրաստման արտադրամաս և ծանոթացել նրա աշխատանքներին, որից հետո ուղևորվել է Հադրութի շրջան:
Ազոխ գյուղում երկրի ղեկավարն այցելել է նոր կառուցվող դպրոցի շինհարթակ, որից հետո հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել այնտեղ առկա հիմնախնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը:
Նույն օրը երկրի ղեկավարը Հադրութ քաղաքում մասնակցել է պաշտպանության բանակի սպաներին և ենթասպաներին նոր բնակարանների բանալիների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել բնակարանամուտ տոնողներին և ընդգծել, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:











































