Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն արտասահման մեկնող իր քաղաքացիներին կոչ է արել տուրք չտալ օտար երկրների հատուկ ծառայությունների առաջարկներին։
Իրանի ԱԳՆ-ն նրանց զգուշացրել է, որ օտար երկրների հատուկ ծառայությունները կարող են արտասահմանում նրանց դիմել «գրավիչ» առաջարկներով։ Արտասահման մեկնող բոլոր իրանցիներին խորհուրդ է տրվում մերժել անծանոթների կողմից արված առաջարկները, որոնք կվերաբերեն աշխատանքի տեղավորելուն, կոմերցիոն գործարքներ կնքելուն, այլ երկրների քաղաքացիություն կամ բնակության իրավունք ստանալուն։
Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս արտասահմանում նմանատիպ իրավիճակում հայտնվելու դեպքում դիմել տվյալ երկրում իրենց դեսպանատան իրավաբաններին։
Նշվում է, որ Իրանի դեմ ուղղված արևմտյան լրտեսական կենտրոնները տեղակայված են Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Թուրքմենստանում և Ադրբեջանում։










































