Շուրջ 6-7 ամիս է, ինչ ընթանում է քրեական գործը, բայց ինչն էր պատճառը, որ մեկ օրում բերման ենթարկվեց Նարեկ Հարթունյանը, մեղադրանք առաջադրվեց ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին ու հաշվապահ Արթուր Գալստյանին` մնում է անհայտ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում նշեց փաստաբան Անի Թորոսյանը:
Նրա խոսքերով` իր պաշտպանյալները 24 ժամ գտնվել են քննչական վարչությունում: Փաստաբան Արթուր Չաքմիշյանը խոսելով գործի մասին` ասաց, որ Նարեկը օրենքի սահմաններում պարզապես բողոքարկել է վերստուգման արդյունքները:
Նա հայտնեց, որ ձերբակալման համար չկան բավարար հիմքեր:
«Մենք գործ ունենք երկու երևույթի հետ` վարչական վարույթ և քրեական գործ, նրանք երկուսն էլ անխզելիորեն կապված են իրար. եթե պարզվի, որ վարչական ակտը ոչ իրավաչափ է, և այն չճանաչվի դատարանի կողմից, ապա քրեական մեղադրանքը ևս անհիմն կհամարվի»:
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը անդրադառնալով գործին` նշեց, որ Ժամացույցի գործարանի բաժնետոմսերի 35 տոկոսը Հարթունյաններինն է, մեկ տարի առաջ պետք է բաժնետոմսերի վաճառքի գործարք կնքվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կնքվել: Ամեն ինչի պատճառը հենց սա է:
Ի դեպ, Նարեկ Հարթունյանը ձերբակալվել է 111 միլիոն դրամի հարկային խախտումներ կատարելու համար:











































