Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեհին Թեհրանում տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում «վիրտուալ դեսպանատան» բացումը հանդիսանում է յուրօրինակ ծուղակ, որը միտված է տվյալ երկրի օգտին լրտեսական գործունեություն ծավալելուն.
«Մինչ Իրանում ամերիկյան դեսպանատան փակումը այն զբաղված է եղել Իրանում հետախուզական գործունեություն ծավալելով։ Իրանի քաղաքացիները և մասնավորապես երիտասարդությունը պետք է զգուշավորություն ցուցաբերեն այդ կառույցի հանդեպ, որի ստեղծումը հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Իրանում ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանատան» ստեղծումը հանդիսանում է Իրանի նկատմամբ Օբամայի վարած վարչակազմի քաղաքականության լիակատար սնանկության ցուցիչ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին իրանական իշխանությունները շրջափակել էին Իրանում ԱՄՆ-ի «վիրտուալ դեսպանատան» մուտքը։ Իրանում բոլոր այն անձինք, ովքեր փորձել էին մուտք գործել ամերիկյան «վիրտուալ դեսպանատան» կայք, կարդացել էին պարսկերենով գրված հետևյալ նախադասությունը. «Համակարգչային հանցագործությունների օրենքի համաձայն՝ այս կայքից օգտվելն անհնար է»։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Թեհրանում ԱՄՆ «վիրտուալ դեսպանատան» բացումը նոր խաբկանք է, և Իրանի ժողովուրդը չի տրվի դրան. «ԱՄՆ-ի նոր ցանցային նախագիծը ձախողված փորձ է՝ իրանական ժողովրդին համոզելու համար, թե Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության մեջ մտնել Թեհրանի հետ»։









































