Գարեգին Սրվանձտյանը հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան է, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը:
Ծնվել է 1840 թվականին, Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագա վանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ: Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ:
Խրիմյանի հետ` որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թվականներին շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները: Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ: Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ: Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում:
1867 թվականին Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան` որպես քարոզիչ: 1867-1869 թվականներին ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը: 1869 թվականին նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872 թվականին մասնակցել է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը:
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները:
1879-1881 թվականներին եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին:
1881 թվականին կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում:
1886 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր:
Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը: Պատրիարքի հրամանով` որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը: Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ:
Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թվականին Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո:





































