Անցյալ դարի վերջերին, Վերին Եգիպտոսում, 2-րդ դարին պատկանող մի դամբարանից գտնվեց մագաղաթե ձեռագիր, որը պարունակում էր մինչ այդ անհայտ երեք երկերի` Պետրոսի Հայտնության, Պետրոսի Ավետարանի և Ենոքի Հայտնության հատվածներ: Թեև երեքն էլ պարականոն են` սակայն անհրաժեշտ ենք գտնում մեր ընթերցողներին ևս հաղորդակից դարձնել դրանցից մեկին` «Պետրոսի հայտնությանը», որի տպագրվող հատվածների շուրջ խորհրդածությունները խիստ կարևոր ենք համարում հատկապես մեր խառնակ այս օրերում: Եվ մանավանդ` խմբագրականի փոխարեն:
Դրախտ
1. «…Նրանցից շատերը կլինեն սուտ մարգարեներ և կքարոզեն կործանման ճանապարհներ և նենգ ուսմունքներ, բայց նրանք կործանման որդիները կլինեն: Եվ այնժամ Աստված կգա Իմ հավատարիմների` տենչացողների, ծարավների և ճնշվածների մոտ, նրանց մոտ, ովքեր այս կյանքում փորձել են իրենց հոգիները և կդատի անօրինության որդիներին»: Եվ Տերն ավելացրեց ու ասաց. «Բարձրանանք լեռը ու այնտեղ աղոթենք»: Ուղևորվելով Նրա հետ, մենք` տասներկու աշակերտներով, խնդրեցինք, որ Նա ցույց տա մեզ աշխարհից հեռացած մեր բարեպաշտ եղբայրներից մեկին, որպեսզի մենք իմանանք, թե ինչպիսին են նրանք տեսքով, և մենք մխիթարվելով` մխիթարենք նաև այն մարդկանց, որոնք կլսեն մեզ:
Եվ ահա, երբ մենք աղոթում էինք, Հիսուսի դիմաց անսպասելիորեն հայտնվեցին երկու այրեր, որոնց վրա մենք չէինք կարողանում նայել, քանզի նրանց դեմքից, ինչպես որ արեգակից` լույս էր ճառագում, իսկ հագուստը նրանց լուսավոր էր, ինչպիսին երբևէ չէր տեսել մարդկային աչքը: Շրթունքներն անկարող են պատմել, իսկ սիրտը խորհել այն փայլի մասին, որով զգեստավորված էին նրանք. մենք զմայլվել էինք նրանց նայելով: Սպիտակ էր մարմինը նրանց` ամեն տեսակ ձյունից, և կարմիր` ամեն մի վարդից, և կարմիրը նրանց վրա խառնված էր սպիտակին: Ես պարզապես անկարող եմ նկարագրել նրանց գեղեցկությունը: Նրանց դեմքն ու ուսերը երիզած մազերը ալիքաձև էին ու փայլուն, ինչպես պսակը` միահյուսված նարդոսի ծաղկից ու երփներանգ ծաղիկներից, կամ` ծիածանը եթերում: Այդպիսին էր նրանց բարեզարդությունը:
Տեսնելով նրանց գեղեցկությունը` մենք վախեցանք, քանզի նրանք հայտնվեցին անսպասելիորեն: Այնժամ ես մոտեցա Տիրոջն ու ասացի. «Ովքե՞ր են նրանք»: Եվ նա ասում է. «Սրանք մեր բարեպաշտ եղբայրներն են, որոնց տեսքը դուք տեսնել կամեցաք»… Ես ասացի Նրան. «Իսկ որտե՞ղ են բոլոր բարեպաշտ եղբայրները և ո՞րն է այն Էոնը, որում գտնվում են այդ փառքի կրողները»: …15. Եվ Տերը ցույց տվեց այս աշխարհից դուրս մի հսկա տարածություն` գերապայծառ լույսով փայլող, օդն այնտեղ փայլատակում էր արևի ճառագայթմամբ, հողը ծաղկել էր անթառամ ծաղիկներով, լի էր բուրմունքով և օրհնյալ պտուղներ տվող գեղեցկածաղկուն հավերժ բույսերով: Եվ ծաղկումն այն աստիճան առատ էր, որ բուրմունքն այնտեղից հասնում էր մեզ: Իսկ այդ տեղի բնակիչները հրեշտակների լուսավոր զգեստներ էին զգեցել, և նրանց հագուստը նման էր իրենց երկրին: Այնտեղ, նրանց միջև, ճախրում էին հրեշտակները: Այդպիսին էր գեղեցկությունը նրանց, որ ապրում էին այնտեղ, և նրանք միաձայն փառաբանում էին Տեր Աստծուն` ուրախանալով այդ տեղում… 20. Տերը մեզ ասում է. «Սա ձեր` քահանայապետերի, բարեպաշտ մարդկանց տեղն է»…
Դժոխք
21. Ես տեսա դրա դիմաց և այլ, շատ խավար մի տեղ: Դա պատժելու տեղն էր: Այնտեղ պատժվողներն ու պատժող հրեշտակները ունեին այդ տեղին պատշաճող մթին հագուստներ: Ոմանք այնտեղ կախված էին լեզուներից: Դրանք արդարության ճանապարհը հայհոյողներն էին, նրանց տակ վառվում էր բոցկլտացող կրակն ու տանջում էր նրանց: Եվ այնտեղ մի լիճ կար` լի բոցավառվող տիղմով, այնտեղ գտնվում էին արդարությունը խեղաթյուրողները: Նրանց հսկիչ էին նշանակված տանջող հրեշտակները: Այդ եռացող տիղմի վրա կային նաև կանայք` կախված իրենց մազերից:
Դրանք այն կանայք էին, որ զուգվում էին շնանալու համար, իսկ նրանք, ովքեր զուգակցվում էին նրանց հետ պոռնկության ապականությամբ` կախված էին ոտքերից, իսկ նրանց գլուխները ընկղմված էին տիղմի մեջ, և նրանք ասում էին. «Մենք չէինք կարծում, թե կընկնենք այստեղ»… 25. Եվ ես տեսա մարդասպանների և նրանց հանցակիցների` նետված մի զնդան, որը լիքն էր չար սողուններով, այդ գազանները կրծում էին նրանց` տանջանքների մեջ գալարվողներին. և արգանդները նրանց փակվել էին խավարի ամպերի նման: Եվ սպանվածների հոգիները` կանգնած ու հետևելով մարդասպանների պատժին, ասում էին. «Աստված, արդար է դատաստանը քո»: Այդ տեղի մոտ տեսա մեկ ուրիշ նեղ տեղ, ուր թափվում էին պատժվողների արյունն ու անմաքրությունները և կազմում լիճ:
Այնտեղ մինչև վիզը արյան մեջ նստած էին կանայք, իսկ նրանց դիմաց նստել ու լաց էին լինում երեխաներ, որոնք ծնվել էին ժամանակից շուտ: Նրանցից ելնում էին հրո ճառագայթներ և խփում կանանց աչքերին: Դրանք ապօրինի հղիացածներն ու պտուղը ոչնչացնողներն էին: Այնտեղ կային ելի տղամարդիկ ու կանայք` մարմինների կեսը կրակի մեջ: Նրանք նետված էին մթին տեղեր: Նրանց խարազանում էին չար ոգիները, որդերը խժռում էին նրանց ներսը: Դրանք այն մարդիկ էին, որ հետապնդել էին արդարներին ու մատնել նրանց: Նրանց կողքին ևս կային տղամարդիկ ու կանայք, որ կծում էին իրենց շրթունքները, նրանք տանջվում էին և շիկացած երկաթով հարված ստանում աչքերին: Դրանք բարեպաշտության ճանապարհը հայհոյողներն ու անարգողներն էին: Իսկ նրանց հակառակ կողմում կային ուրիշ տղամարդիկ ու կանայք ևս, որոնք կծում էին սեփական լեզուն և նրանց բերանը լցված էր կրակով: Դրանք սուտ վկայողներն էին: Իսկ մի այլ տեղում կային թրերից ու նիզակներից էլ սուր կայծքարեր, որոնք շիկացած էին, և կանայք ու տղամարդիկ, որ հագած էին կեղտոտ փալասներ, տառապագին թավալվում էին նրանց վրա: Դրանք այն հարուստներն էին, որոնք ապավինել էին իրենց հարստությանը` չկարեկցելով որբերին ու այրիներին և արհամարհել էին Աստծո պատվիրանը:
31. Մեկ այլ մեծ լճում, որ լի էր կրակով, արյամբ ու եռացող տիղմով, մինչև ծնկներն ընկղմված էին տղամարդիկ ու կանայք: Դրանք վաշխառուներն ու տոկոսների դիմաց տոկոսներ գանձողներն էին: Ուրիշ տղամարդիկ ու կանայք հսկա ժայռերից վայր նետվելով` ընկնում էին ցած, իսկ նրանց վրա կարգված հսկիչները կրկին քշում էին նրանց և ստիպում բարձրանալ ժայռն ու նորից գահավիժել ներքև. և նրանք հանգիստ չէին ստանում այդ տանջանքի մեջ: Այդ նրանք էին, որոնք դառնալով կանանց պես` պղծում էին իրենց մարմինները, իսկ նրանց միջի կանայք նրանք էին, որ պառկում էին միմյանց հետ, ինչպես տղամարդը կնոջ: 33. Իսկ այդ ժայռի մոտ կար մի տեղ` հզոր կրակով լեցուն, և նրա մոտ կանգնած էին մարդիկ, որոնք սեփական ձեռքերով պատրաստել էին կուռքեր իրենց համար` Աստծո փոխարեն: Նրանց մոտ այլ տղամարդիկ ու կանայք հրե գավազաններով հարվածում էին միմյանց` չդադարեցնելով այդ պատիժը… 34. Նրանց մոտ կային այլ տղամարդիկ ու կանայք ևս, որոնց այրում, տանջում ու խորովում էին. դրանք Աստծո ճանապարհը թողածներն էին:









































