Սիրիայում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալները:
Չնայած իշխանությունների կողմից ագրեսիայի ուժեղացմանը, սիրիացիները երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո դարձյալ դուրս են եկել փողոցներ՝ «Պատվի և արժանապատվության օր» կարգախոսով: Ցույցեր են տեղի ունեցել Հոմս, Դարաա, Իդլիբ և Դեյր Ազ-Զոր քաղաքներում:
Սիրիացի ակտիվիստները պահանջում են կիրակի օրվանից համընդհանուր գործադուլ կազմակերպել և վարչակարգը տապալել քաղաքացիական անհնազանդության միջոցով: Նրանք կոչ են անում փակել խանութները և համալսարանները, դադարեցնել հասարակական տրանսպորտի և պետական սեկտորի աշխատանքները:
Սիրիայում հակակառավարական բողոքի ակցիաները շարունակվում են 2011 թ. մարտի կեսից: ՄԱԿ-ի տվյալներով, մինչ այժմ զոհվել է շուրջ 4000 խաղաղ քաղաքացի:











































