Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայատանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և այլ հյուրեր նշել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հիմնադրման 50-րդ տարեդարձը:
Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման նշել է, որ վերջին 20 տարում ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատել է հայաստանցիների հետ` կառավարության հաշետվողականության և թափանցիկության խթանման, գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև երկիրը տարածաշրջանային և միջազգային առումով ավելի մրցունակ դարձնելու ուղղությամբ:
«Մեր ծրագրերը Հայաստանին օգնել են բարելավել հիմնական հանրային ծառայությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսին են ջրային պաշարներն ու էներգետիկան, առավել լավ ուղիներ մշակել խոցելի բնակչությանը սոցիալական ծառայությունների տրամադրման համար և բարեփոխել առողջության առաջնային պահպանման ծառայությունները», – ասել է նա:
1961թ. նոյեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին հիմնադրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)` որպես այլ երկրներին երկարաժամկետ տնտեսական և սոցիալական զարգացման օժանդակության տրամադրող առաջին գործակալություն:
Այսօր ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցները աշխատում են ավելի քան 110 երկրներում:
Գործակալության օժանդակության ծրագրերը Հայաստանում սկսվել են 1980-ականների վերջին` 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո անհապաղ կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնությամբ:
Որպես այս օժանդակության մաս 6800-ից ավել ընտանիքների տրամադրվել են բնակարաններ երկրաշարժից տուժած Շիրակում և Լոռիում, իսկ 120 տարածք մաքրվել է` հետագա հանրային օգտագործման համար:
Այդ ժամանակներից ի վեր առաքելությունը կենտրոնացել է երկրի երկարաժամկետ զարգացման շուրջ և սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության, մասնավոր բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ կառավարության այլ գործակալությունների և միջազգային դոնոր կազմակերպությնների հետ` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, տնտեսական աճն ու տարածաշրջանային ինտեգրացումը խթանելու նպատակով:
Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում իրականացնում է շուրջ 30 ծրագիր ժողովրդավարական կառավարման, տնտեսական աճի, սոցիալական պաշտպանության, առողջապահության և հայ-թուրքական միջսահմանային հարաբերությունների ոլորտում:
Վերջին երկու տասնամյակներին առաքելությունը տրամադրել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարի օժանդակություն` Հայաստանի ժաղովրդի բարեկեցությանն ուղղված զարգացման ծրագրերի միջոցով:







































