Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մերձկասպյան Մազանդարան նահանգում հիմնելու է Տիեզերական հետազոտությունների կենտրոն։ Այս մասին հայտարարել է Իրանի Տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին։
Վերջինիս խոսքերով՝ տվյալ նախագծի աշխատանքները հաջողությամբ ընթանում են։ Ֆազելին, սակայն, չի մանրամասնել, թե որոնք են նախագծի նպատակները։ Նա միայն հայտնել է, որ մոտ ապագայում (մինչև 2012 թվականի մարտ) տիեզերք կուղարկվեն 3 նոր արբանյակներ. «Նավիդ», «Ֆաջր» և «Կավուշգար-5»։
Ֆազելին ընդգծել է, որ Իրանի կառավարության ու գիտնականների շնորհիվ Իրանը մեծ առաջընթաց է գրանցել տիեզերական ոլորտում, ինչի շնորհիվ միացել է այն 8 երկրներին, որոնք տիրապետում են արբանյակների ստեղծման ու դեպի տիեզերք արձակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներին։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի կեսին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել էր, որ Իրանը պլանավորել է մինչև 2020 թվականը մարդ գործուղել տիեզերք։
Ի դեպ, Իրանն իր առաջին արբանյակը տիեզերք է ուղարկել 2009 թվականին, իսկ հաջորդ տարի ուղարկել է առաջին կենդանիներին՝ մուկ, կրիա և թրթուրներ։








































