«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում առևտրի կենտրոն կառուցելու առաջարկ կարող է ներկայացնել միայն «չհասկացող, ոչ մի բանից գաղափար չունեցող» մարդը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հրազդան» մարզադաշտի նախագծի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
«Ով այդպիսի նախագիծ է անում, չի էլ պատկերացնում, թե ինչ կարող է պատահել: Խնդիրը ոչ միայն բարոյական բնույթի է, այլ նաև պրոֆեսիոնալիզմի մեջ է: Միայն համապատասխան գիտելիքներ չունեցող մարդը կարող է նման բան առաջարկել: Դա ուղղակի անթույլատրելի է: Այդ նախագծի առնչությամբ իր բացասական եզրակացությունն է տվել անգամ Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում նոր շինության կառուցումն անթույլատրելի է: Մենք այս պարագայում գործ ունենք մարդկային կյանքերի անվտանգության հետ:
Այսօր Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցի օրն է: Այնտեղ մեծ թվով զոհեր եղան նաև այն պատճառով, որ տարհանման համապատասխան գոտիներ չկային: Բնական աղետների դեպքում նույնը կարող է կրկնվել նաև այստեղ, ուր առևտրի կենտրոնի կառուցմամբ տարհանման ճանապարհներ ուղղակի չեն լինի: Մինչդեռ երկրաշարժերի ժամանակ մարզադաշտին հարակից տարածքը կարող է օգտագործվել որպես ուղղաթիռների վայրէջքի հրապարակ»,- նկատեց մասնագետը:
Հարցին՝ կարո՞ղ է ԱԻՆ գրավոր եզրակացությունը նախագիծը կյանքի չկոչելու գործում էական դերակատարություն ունենալ, Գուրգեն Մուշեղյանը պատասխանեց, թե ինքը հույս ունի, որ այդպես էլ կլինի: «Եզրակացության մեջ պարզ ասված է, որ եթե նախագիծն իրականացնողներն իրենց մտքից չհրաժարվեն, ապա հարկ կլինի դիմել իրավապահ մարմիններին: Այլապես, շենքի կառուցումն իսկական հանցագործություն կլինի: Ուզած-չուզած՝ կա՛մ մարզադաշտը պետք է լինի, կա՛մ առևտրի կենտրոնը: Հիմա եթե առևտրի կենտրոնը մեր երկրի, սպորտի ու ժողովրդի համար ավելի կարևոր է, թող կառուցեն, մարզադաշտը քանդեն: Պետք է հանրային քննարկում լինի և ոչ թե այն թեմայով՝ լավն է, թե վատը այդ նախագիծը, այլ այն հարցով, թե կարելի՞ է վերոնշյալ տարածքում առևտրի կենտրոն կառուցել»,- նշեց ճարտարապետը՝ հավելելով, որ ողջամտության առկայության պարագայում շինարարության մասով բացասական որոշում կկայացվի:
Նշենք, որ երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժումը կոչ է անում բոլորին միանալ «Հրազդանի» փրկության համար կազմակերպվող երթին, որը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին, Խանջյան փողոցում գտնվող Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից:
Երթի մասնակիցները կշարժվեն դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարան և ցույցի անցկացման վայր` ՀՀ կառավարության շենք: Երթի մասնակիցները նշված երեք մարմիններին հանձնելու են բաց նամակ:
Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքապետարանը «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում առևտրի կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշում չի տրամադրել: Քաղաքապետը նշել էր, որ «դա քաղաքաշինական ծրագիր է, որը պետք է քննարկվի քաղաքաշինական խորհրդում»:
Հատկանշական է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ևս դեմ է մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոնի կառուցմանը:
Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալը Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն է:








































