«Արամի խաչմերուկ» շարժումից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ամանորյա տոներին ընդառաջ իրենք քաղաքային իշխանություններից ակնկալում են Երևանի ուրույն միջավայրի պահպանմանը նպաստող հստակ դիրքորոշման դրսևորում, ինչը լավագույն նվերն ու բարեմաղթանքը կլինի՝ ուղղված Երևանը սիրող և դրա պատմամշակութային դիմագիծը գնահատող հանրությանը:
«Հենց այդ բարեմաղթանքն էր, որ երեկ հանրության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից ամենատարբեր արտահայտությունների միջոցով դրոշմվեց Արամի 30 շենքի անկյունում տեղադրված տոնածառի վրա, ինչն ինքնին ապացուցում է, որ երևանցիները քաղաքի զարգացումը չեն տեսնում քաղաքում պահպանված վերջին մի քանի պատմական շենքերի ապամոնտաժման մեջ, այլ, ընդհակառակը, գերակա են համարում դրանց պահպանումն ու վերանորոգումը»,- նշված է շարժման տարածած հայտարարության մեջ:
«Արամի խաչմերուկ» շարժումն ուրախությամբ նկատում է, որ քաղաքային իշխանությունների կողմից վերջին օրերին պատրաստակամություն է նկատվել պահպանել Արամի 30 շենքը:
«Այնուամենայնիվ, նմանատիպ պատրաստակամությունն արտահայտվել է առայժմ միայն բանավոր կերպով, ուստի, բավարար հիմք չկա պնդելու, որ խնդրո առարկա շենքը փրկելուն ուղղված ջանքերը կոնկրետ արդյունք են տվել:
Գնահատելով բոլոր այն գործնական ներդրումները, որոնք առայսօր կատարվել են առանձին պաշտոնյաների կողմից, ակնկալում ենք հանրության աներկբա կարծիքն արտացոլող վերջնական, պաշտոնական լուծում, որով կչեզոքացվի Արամի 30 շենքին սպառնացող վտանգը»,- կոչ են անում շարժման անդամները:







































