Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները կառավարությանը տարեկան 1,000 մասնագետի պահանջ են ներկայացրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե սա ենթադրում է, որ այս ոլորտն առաջիկա տարիներին առնվազն 20% աճ է արձանագրելու: Նրա խոսքով, կառավարությունը որոշումներ է կայացրել, որ ԲՈՒՀ-երն ամեն տարի ավելացնեն ուսանողների թիվը:
Այսօր մեր երկրում գործում է ՏՏ ոլորտի շուրջ 300 ձեռնարկություն և կան 5,500 բարձրորակ մասնագետներ, ինչը բավականին լուրջ ներուժ է: Իրացման ծավալները 2011 թ-ին կկազմեն շուրջ 200 մլն դոլար: ՀՆԱ մեջ ՏՏ տեսակարար կշիռը մոտենում է 5%-ի և նոր արժեքի ստեղծման տեսակետից համադրելի է դառնում հանքահումքային ոլորտի հետ: Վերջին 3 տարիներին ինտերնետի գների կտրուկ անկում է արձանագրվել, մասնավորապես 1 մեգաբիթի արժեքը 1 մլն 200 հզ. դրամից այսօր 24 հզ. դրամ է դարձել:
«Արդյունքում, ինտերնետը դարձել է հասանելի ՀՀ-ում և ունենք շուրջ 400 հզ. ինտերնետից օգտվողներ: 3-րդ օպերատորի մուտքը թույլ տվեց էապես բարձրացնել մրցակցության մակարդակը»,- նկատեց վարչապետը:







































