ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը:
Ներկայում Եվրամիությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում աշխարհի գրեթե 40 երկրների հետ:
Հայաստանը կարևորում է ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը:
Երկխոսությունը, որը ներկայացված էր նաև փորձագիտական մակարդակով, անցել է բարեկամական, բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաև տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան:
Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, արդարադատության փոխնախարար Ա. Օրբելյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գ. Կոստանյանը, մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի, ԿԸՀ-ի, կառավարության աշխատակազմի, դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:











































