Երևանի Աջափնյակ համայնքում չգազաֆիկացված 17 բարձրահարկ շենքերից մեկն արդեն գազաֆիկացվել է, մյուսների հարցը նույնպես կլուծվի: Նման հավաստիացում այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ պետք է լինի այդ շենքերի ճակատագիրը:
Տ. Սարգսյանը նշեց, որ այդ շենքերը կառուցվելիս նախատեսված չեն եղել գազաֆիկացման համար: Գազի խողովակները, որ պետք է անցնեն բոլոր հարկերով, պետք է օդափոխություն լինի, բայց բոլոր ազատ տարածքները զբաղեցված են կցակառույցներով: «ՀայՌուսգազարդ»-ը չի կարող այդ կցակառույցները վերացնել:
Տ. Սարգսյանի խոսքով, բնակիչներին առաջարկվել էր կցակառույցները վերացնել, ինչից հետո գազաֆիկացումն օպերատիվ ձևով կիրականացվի. «Մեկում հաջողվել է համաձայնության գալ և այն գազաֆիկացվեց: Մյուս շենքերի բնակիչները նույնպես հայտարարել են, որ կվերացնեն կցակառույցները»:









































