Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների արտգործնախարարների նիստ։ Դրանում որոշվել է, որ հաջորդ տարի Մոլդովան ՎՈՒԱՄ-ի նախագահությունը փոխանցելու է Ադրբեջանին։
Նիստի ժամանակ ամփոփվել են Մոլդովայի նախագահությամբ ՎՈՒԱՄ-ի տարեկան գործունեության արդյունքները և հաստատվել կազմակերպության՝ 2012 թվականի բյուջեն։ Քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների հետ կազմակերպության համագործակցությանն առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է 1997 թվականին։ 1999-2005 թվականներին կազմակերպությանն անդամակցել է նաև Ուզբեկստանը (ՎՈՒՈՒԱՄ)։