Iran News լրատվական գործակալությունը, վկայակոչելով բրիտանական Daily Telegraph թերթը, հայտնում է, որ Մեծ Բրիտանիան Իրանից պահանջում է 1 միլիոն ֆունտ սթեռլինգի փոխհատուցում։
Նշվում է, որ նոյեմբերի 29-ին իրականացված հարձակման արդյունքում Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը զգալի վնաս է պատճառվել։ Խոսքը դեսպանատան թանկարժեք նկարների (թագուհի Վիկտորյայի նկարը), կահույքի, էլեկտրոնային համակարգերի, ծառայողական ավտոմեքենաների և այլնի մասին է։
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ բրիտանական կողմը հետևողական է լինելու՝ փոխհատուցման գործընթացը Վիեննայի կոնվենցիային համապատասխան ավարտին հասցնելու համար։
Հիշեցնենք, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հիմնադրվել է 19-րդ դարում, իսկ 1943 թվականին այնտեղ է կայացել Թեհրանի հայտնի կոնֆերանսը, որին մասնակցել են Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը։





































