Դեկտեմբերի 6-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 48 մարդ, իսկ մոտ 100 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, ահաբեկչությունն ուղղված էր շիաների դեմ, որոնք հավաքվել էին իրենց տաճարներից մեկում`Աշուրին` իմամ Հուսյեին հիշատակման տոնը նշելու համար:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ հարձակում իրականացրել է մահապարտ ահաբեկիչը ծիսական արարողություններից մեկի ժամանակ, որին մասնակցում էին հարյուրավոր հավատացյալներ:
Ահաբեկչության իրականացման պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել, սակայն իշխանությունները կասկածում են, որ դրան հետևում կանգնած է «Թալիբան» շարժումը:
Եվս մեկ ռումբ պայթել է Մազարի-Շարիֆ քաղաքի մզկիթում: Ռումբը ամրացված էր հեծանիվի վրա, որը կանգնած է եղել մզկիթի մոտ: Այնտեղ մահացել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ զինվոր:
Շիաները, լինելով կրոնական փոքրամասնություն, հարձակման թիրախ են ոչ միայն Աֆղանստանում, այլև Պակիստանում: Ծայրահեղ սուննիները նրանց անվանում են հերետիկոսներ, որոնք հեռացել են իսլամի նորմերից:











































