Մտահոգություն հայտնելով «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ նոր շինության կառուցման ծրագրի կապակցությամբ` «Երկրպագուների առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) շարժումը հանդես է եկել բաց նամակով:
Նամակում մասնավորապես, ասվում է, որ գաղտնիք չէ, որ մեր ազգային հավաքականը վերջին շրջանում որակապես նոր խաղ է ցուցադրում և ավելի քան տրամաբանական է, որ շատերի համար սիրելի դարձած «Հանրապետական» մարզադաշտը դժվար թե կարողանա տեղավորել տնային խաղերը մարզադաշտում դիտելու ցանկություն ունեցող բոլոր մարզասերներին:
«Պետական մարմինները և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի գործող սեփականատերը կատարի մասնավորեցման պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ մարզադաշտի համար անհրաժեշտ ներդրումները»,- պահանջում են ՖԱՖ-ի անդամները:
Պետական իրավասու մարմիններից և ՀՖՖ-ից ՖԱՖ-ը պահանջում է անհապաղ կայացնել անհրաժեշտ որոշումները և ձեռնարկել միջոցառումներ` վերականգնելու «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1.047 հա) «սպորտային» գործառնական նշանակությունը և «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկել Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:










































