Աշխատավարձերի ամբողջ համակարգը և վճարման մեխանիզմները վերանայելու կարիք կա: Այսօր Ազգային ժողովի նիստին հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Ըստ նրա` նպատակը դատախազության և դատավորների աշխատավարձերի համամասնություն ունենալն է: Հ. Հակոբյանի խոսքով` յուրաքանչյուր աշխատողի կողմից կատարվող աշխատանքի գնահատումը պետք է լինի ըստ արտադրողականության բարձրացման:
«Այստեղ լուրջ խնդիր կա, և դրանով է պայմանավորված, որ կոնցեպցիան, որ պետք է լիներ դեռ 2 տարի առաջ, առայժմ չկա: 2012 թ. պետբյուջեում արդեն իսկ քայլեր արված են քաղաքացիների եկամուտները ոչ աշխատավարձի, այլ ծառայությունների տեսքով բարձրացնելու»,- ասաց Հ. Հակոբյանը՝ հիշեցնելով, որ 18 մլն է հատկացված դրա համար, և այդ գումարները ծախսվելու են առողջապահության ապահովագրման, ուսման վճարների, հիփոթեքային վարկերի տրամադրման աջակցության և ՀՀ-ում ու Արցախում հանգստի կազմակերպման նպատակով:
Ինչպես նշեց պատգամավորը` նշված ճյուղերում ներդրվող գումարները կնպաստեն դրանց զարգացմանը:











































