Այսօր Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Ներքին շուկայի պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծերը:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ՎարդանԱյվազյանը պարզաբանեց, որ մինչ այս` օղու ներկրման դեպքում տեղի արտադրողի և ներկրողի նկատմամբ տարբերակված մոտեցում էր կիրառվում, մինչդեռ ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ դրույքաչափերը պետք է լինեն հավասար:
Այնուհետև այդ գումարները հավասարեցվեցին, բայց 500 հազար շշի համար ներկրողը պետք է 30 հազար վճարեր, իսկ այժմ այդ դրույթը հանվում է, և բոլորի համար կիրառվում 15 մլն դրույքաչափը:
«Այսինքն` արտադրողն ու ներկրողը օրենքի կիրառումից սկսած` գործելու են հավասար դաշտում: 1 լիտր օղու համար վճարում են 500 դրամ, թանկ օղիներ ներկրելու համար՝ ոչ պակաս 50%»,- պարզաբանեց Վ. Այվազյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ ժամանակին, ներքին պաշտպանական նկատառումներից ելնելով, ներքին արտադրողին պաշտպանելու, ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով պետությունը գնաց այդ քայլին, սակայն այժմ, ըստ փոխնախարարի, եկել է ԱՀԿ պարտավորությունները կատարելու ժամանակը:
«Վերականգնվում է սակագնային քվոտան, որի դեպքում ինչպես արտադրողն է 15 մլն դրամ մուծում` գործունեություն ծավալելու համար, այնպես էլ ներմուծողը պետք է նույնքան վճարի»,- ասաց Ա. Պետրոսյանը:






































