CNN Türk-ը հրապարակել է Թուրքիա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի ստամբուլյան հանդիպման մանրամասները։ Պլանավորված 45 րոպեի փոխարեն՝ այդ հանդիպումը տևել է մոտ 2 ժամ։
Հանդիպման գրեթե կեսը նվիրվել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո այդ երկրի ապագային։
Մնացյալ ժամանակահատվածում կողմերը քննարկել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարը, Սիրիայի, Իրանի, Կիպրոսի, Բալկանների, թուրք-իսրայելական հարաբերությունների, Թուրքիայի նոր Սահմանադրության և վերջապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։
Բայդենը հույս է հայտնել, որ Թուրքիայի խորհրդարանն առաջիկա ամիսներին քայլեր կձեռնարկի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ։
Բայդենը նաև Էրդողանին առաջարկել է, որ Թուրքիան միանա այն երկրների թվին, որոնք կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։
Հիշեցնենք, որ Բայդենը Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը քննարկել է նաև Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի և նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ իր հանդիպումներում։







































