Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում սկսվել է իրենց բնակարաններից մարդկանց վտարման հերթական գործողությունը։ Իշխանական ու ոստիկանության ներկայացուցիչները 9-հարկանի շենքի բնակիչներից պահանջել են լքել շենքը։
Նշվում է, որ շենքում բնակվում է գրեթե 70 ընտանիք՝ մոտ 200 մարդ։ Շենքը լքելուն համաձայնվել են միայն 5-6 ընտանիք՝ ընդառաջելով մեկ քառակուսի մետրի դիմաց 1500 մանաթ (1800 դոլար) փոխհատուցում ստանալու առաջարկին։ Մյուսները կտրականապես հրաժարվում են հեռանալ շենքից։
Որպես շենքի բնակիչների վերաբնակեցման պատճառ է նշվում մոտակայքում գտնվող 163 մետրանոց դրոշակաձողը, որի վրա գտնվում է Ադրբեջանի դրոշը։ Մտավախություն կա, որ այդ դրոշակաձողը կարող է ընկնել շենքի վրա։
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Բաքվում բացվել էր պետական դրոշի հրապարակը, որի կառուցումը տևել է 3 տարի և արժեցել է 25 միլիոն դոլար։ Այնտեղ տեղակայվել էր 163 մետրանոց դրոշակաձողը, որի վրա փակցվել էր Ադրբեջանի վիթխարի դրոշը (չափերը՝ 35×70 մետր)։ Սակայն դրանից 2 օր անց՝ սեպտեմբերի 3-ին, քամին պատռել էր դրոշը, և այն փոխարինվել էր նորով։
Նմանատիպ դեպքեր շատ են կրկնվում։ Բացի այդ, դրոշակաձողի հիմքը ցնցվել է, և մտավախություններ կան, որ այն կարող է ընկնել մոտակայքում գտնվող բնակելի շենքի վրա։
Ի դեպ, այս տարվա օգոստոսի 31-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղակայվել է աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը. այն ունի 165 մետր բարձրություն, գագաթին ծածանվում է Տաջիկստանի դրոշը։









































