Դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի «Դուց» զորամասում մահացած ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանի հարևանները, մտերիմները չեն հավատում այն վարկածին, թե իբր զինվորն ինքնասպանություն է գործել:
19-ամյա Նարեկ Դավթյանի դին գտել են ծնոտի տակից մահացու հրազենային վնասվածքով: Ն. Դավթյանը բանակ էր զորակոչվել այս տարվա հունիսին: Այդ նույն զորամասում մինչև Նարեկի ծառայությունը ծառայության էր անցել նրա ավագ եղբայրը` Արմոն:
Նարեկի ընտանիքը որոշ ժամանակ Ռուսաստանում է ապրել և միայն ութը տարի առաջ է վերադարձել Հայաստան։ «Կազմակերպված, խելքով, շնորհքով երեխաներ էին, երկու եղբայր, մեկ քույր են: Մեր աչքի առաջ մեծացած երեխա էր, շատ օրիգինալ, լավ երեխեք են, ոչ նկատել ենք կռվարարություն, ոչ մի բան»,- մեզ հետ զրույցում պատմեց հարևան Սամվելը, ում տղան` Անդրանիկը, Նարեկի մտերիմ ընկերն էր:
Հարևանները մեզ հետ զրույցում նկատեցին, որ մեր օրերում «հեչ մարդ էլ չի ուզե բանակ գնա», բայց Նարեկը, թեև ծառայության առաջին ամիսներին հիասթափված է եղել բանակից, այնուամենայնիվ, վերջին ամիսներին արդեն ընտելացած է եղել:
«Իրեն իմանալով՝ ինքնասպան եղողը չէ, ինքնասպան եղող մարդը շատ մեծ ուժի և կամքի տեր մարդ պետք է լիներ, մեզ համար զարմանալի է`ինչու պետք է այդ երեխան այդ քայլին դիմեր, այ այդտեղ մենք կկասկածենք»,- ասաց Սամվելը:
Դեպքից երկու օր առաջ խոսել է ընկերոջ` Անդոյի հետ, սակայն որևէ կասկած չի հարուցել, բացի այդ, ըստ Սամվելի` ինքնասպանություն գործողը նախևառաջ վրեժխնդիր կլիներ իրեն նվաստացնողից, հետո վերջ կտար նաև իր կյանքին: «Կամ սարքած ա, կամ՝ չգիտեմ…»,- ավելացրեց հարևանը:
Հարևանները չեն հավատում ինքնասպանության վարկածին, որովհետև գիտեն, որ Նարեկը շատ նպատակներ ուներ՝ գալու էր, ընդունվեր իրավաբանական:
Այս օրերին զորամասից արձակուրդ եկած մի զինվոր հարևաններին պատմել է, որ Նարեկը զորամասում որևէ մեկի հետ խնդիր չուներ, նրան բոլորն էին սիրում:
Ի դեպ, Նարեկ Դավթյանի մահվան առնչությամբ քրեական գործ մինչև այժմ չի հարուցվել:










































